Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ
Մասնակցային կառավարման մակարդակի բարձրացման, ինչպես նաև համայնքում որոշումների կայացման վրա բնակչի ունեցած ազդեցության աճի նպատակներով Վաղարշապատի համայնքապետարանը մեկնարկում է մասնակցային բյուջետավորման գործընթաց։ Այս նպատակով Վաղարշապատ համայնքի ավագանու՝ 30 ապրիլի 2025 թվականի N 49-Ա որոշմամբ նախատեսել է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումար։
Վաղարշապատ համայնքի ղեկավարի՝ 2025 թվականի հուլիսի 30-ի թիվ 806-Ա որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են վերջինիս լիազորությունները, աշխատակարգը, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը։
Վաղարշապատ համայնքի բնակիչները այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնելու համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան:
Վաղարշապատի համայնքապետարանը նախաձեռնել է այս գործընթացը քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով:
Մասնակցային բյուջետավորման ծրագրային հայտի լրացման վերջնաժամկետ է սահմանվում
ս/թ սեպտեմբերի 7-ը ժ. 18:00 ներառյալ: