ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՅՆՔ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ
ՄԱՐԶ
ԱՐՄԱՎԻՐ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Վաղարշապատ բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։
Վաղարշապատ համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝
Բնակչության ընդհանուր թիվ՝ 62879Բնակչության թիվն ըստ բնակավայրերի՝Էջմիածին-60029Ոսկեհատ- 2850Հեռախոսահամար՝ +374 231 53663Էլ․ հասցե ՝ info@ejmiatsin.amՀամայնքային կայք` www.ejmiatsin.amՓոստային ինդեքս ՝ 1101
Էջմիածնի տարածքում մարդիկ բնակվել են հնագույն ժամանակներից ի վեր: Այդ են վկայում Էջմիածնի և մոտակայքի հուշարձանները (Շրեշ բլուր, Մոխրաբլուր, Ակնաշեն, Թեղուտ և այլն)` քարի, բրոնզի և երկաթի դարերի հնագիտական անընդմեջ շերտերով, որոնց պեղումների և շինարարական աշխատանքների ժամանակ հնագիտական բազմաթիվ նյութեր են հայտնաբերվել:
Էջմիածնի մասին գրավոր ամենահին տեղեկությունը պատկանում է Վանի (Արարատյան) թագավոր Ռուսա Բ-ին (մ.թ.ա. մոտ 685-645թթ.): Ըստ Զվարթնոցի սեպագիր արձանագրության` Էջմիածնի տարածքը կոչվել է Կուարլինի, որտեղ Ռուսա Բ-ն ջրանցք է անցկացրել Իլդարունի (Հրազդան) գետից:
Մեկ դար հետո հայոց Երվանդ Սակավակյաց (մ.թ.ա. 570-560թթ.) թագավորի օրոք վերջինիս փեսա Վարդգես Մանուկը այդ նույն տարածքում ` Շրեշ բլրի և Արտիմեդ քաղաքի մոտ, Քասաղ գետին ափամերձ, կառուցում է խոշոր ավան և իր անունով կոչում Վարդգեսավան:Տիգրան Բ Մեծի (մ.թ.ա. 95-55թթ.) օրոք ավանը դառնում է վաճառաշահ քաղաքագյուղ: Վաղարշ Ա Արշակունի արքան (117-140թթ.) այն պարսպապատում ու պատվարում է և վերանվանում Վաղարշապատ` Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում: Ապա կատարում է նաև այլ կառուցումներ և քաղաքը դարձնում երկրորդ աթոռանիստ:
163թ. հռոմեացիները Կայնեպոլիս (Նոր քաղաք) անունով այն նույնիսկ մայրաքաղաք են հռչակում `գրաված և ավերած Արտաշատի փոխարեն: Նրանք մի շարք կառուցումներ են կատարում Վաղարշապատում, հատկապես ամրացնում նրա պաշտպանական համակարգը: Այդ մասին վկայում են Էջմիածին-Զվարթնոց հատվածում հայտնաբերված լատիներեն երկու արձանագրությունները:
Հռոմեացիներին արտաքսելուց և Արտաշատը վերականգնելուց հետո պաշտոնական մայրաքաղաքը շարունակում է մնալ Արտաշատը, իսկ Վաղարշապատը մինչև հայ Արշակունյաց հարստության անկումը (428թ.), շարունակում է կատարել մայրաքաղաքին փոխարինող աթոռանիստի դեր: Այն ուներ միջնաբերդ, արքունի պալատներ, զորանոցներ, բանտ, հզոր, աշտարակավոր պարիսպներ`մի քանի դարպասներով(հատկապես նշանավոր էր արևելյան մեծ դարպասը`Արեգի դուռը): Քաղաքը հարավից պաշտպանված էր Քասաղի ջրով լցվող և Պառկեն փոս կոչվող խոր խրամով, հարավ-արևմուտքից`ընդարձակ ճահճով, որը նաև կառափնարան էր, ուր կատարվել են մահապատիժները:
Քաղաքի նշանակությունը հատկապես մեծանում է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելուց հետո(301թ.): Ագաթանգեղոսը վկայում է, որ Գրիգոր Ա Լուսավորչին տեսիլք է երևում, ըստ որի, Հիսուս Քրիստոսն իջնում է («Էջ Միածնի Որդւոյ Աստուծոյ» կամ «Էջ միածինն» (իջավ միածինը),այստեղից` Էջմիածին) Վաղարշապատ և ձեռքի ոսկե ուռով ցույց տալիս այն վայրը, որտեղ Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատվին պետք է կառուցել «տուն աղօթից»: Կատարելով «աստվածային» ցուցումը` Գրիգոր Լուսավորիչը Տրդատ Մեծի, նախարարների ու հավատացյալ ժողովրդի օգնությամբ կործանում է Սանդարամետի մեհյանը և տեղում հիմնում (301-303թթ.) Հայաստանի քրիստոնեական անդրանիկ Մայր տաճար Ս. Էջմիածինը, հայոց քահանայապետությունը և սուրբ Էջմիածնի միաբանությունը:Այնուհետև Վաղարշապատը (հետագայում, հատկապես XIII-XV դարերից տաճարի անունով կոչվել է նաև Էջմիածին) դարձավ հայոց հոգևոր կենտրոնը, իսկ տաճարը` անկախ կաթողիկոսական աթոռանիստի տեղափոխություններից, պահպանեց մայր տաճարի առաջնային նշանակությունը:IV դարից սկսած Էջմիածինն ունեցել է հոգևոր-մշակութային նշանակալից կյանք, շարունակ հարստացել նորանոր կառույցներով ու հիմնարկություններով: Դեռևս Գրիգոր Լուսավորչի կաթողիկոսության օրոք (302-325թթ.) կառուցվում են հայրապետանոց, միաբանների և սպասավորների կացարան (Vդարից հայտնի է Սուրենյաց անապատ անունով), հիմնադրվում Ս. Հռիփսիմյաց վկայարանները, հոգ տարվում նորահաստատ քրիստոնեության հոգևոր գործիչներ պատրաստելու և նրանց կրթության ուղղությամբ:
Այդ նպատակով բացվում են հունական ու ասորական դպրոցներ: Դպրոցներ բացվեցին նաև Ներսես Ա Մեծի օրոք (353-373թթ.):Էջմիածինը հոգևոր-մշակութային առանձնակի վերելք է ապրում հատկապես V դարում, երբ բուռն գործունեություն են ծավալում Հայոց լուսավորիչներ Սահակ Ա Պարթևն (388-439թթ.) ու Մեսրոպ Մաշտոցը (361-440թթ.), որոնք Վռամշապուհ թագավորի սատարմամբ հիմնադրում են հայոց մեսրոպատառ առաջին դպրոցը:
Դրանից քիչ հետո Էջմիածինն իր հոգևոր գործիչներով դառնում է Վարդանանց (450-451թթ.), ապա` Վահանանց(481-484թթ.) ազատագրական պատերազմների ոգեշնչող:Թեև 484թ. կաթողիկոսարանը տեղափոխվում է Դվին, սակայն հոգևոր-մշակութային կյանքն Էջմիածնում շարունակում է ծաղկում ապրել: 484-486թթ. Վահան Մամիկոնյանը հիմնովին նորոգում է վանքը, իսկ 486-491թթ. վանքի հոգաբարձու Ղազար Փարպեցին հիմնադրում հայոց առաջին մատենադարանը: Այնուհետև Էջմիածինը դառնում է հայ գրչության նշանավոր կենտրոն, ուր տարբեր ժամանակներում գրվում, ընդօրինակվում ու ծաղկանկարվում են զանազան բնույթի բազմաթիվ ձեռագրեր:
Հոգևոր- մշակութային և շինարարական բուռն աշխատանքներ են ծավալվում VII դարում, հատկապես Կոմիտաս Ա Աղցեցի (615-628թթ.), Եզր Ա Փառաժնակերտցի (630-641թթ.) և Ներսես Գ Տայեցի (641-661թթ.) կաթողիկոսների օրոք:618թ. նորոգվում է Մայր Տաճարը և կառուցվում Հռիփսիմեի տաճարը, 630թ.` Գայանե եկեղեցին և քահանայական դասի կայանը, 641-661թթ.` Զվարթնոցը, նոր վեհարան, բաղնիք, ջրհոր, հնձաններ: II դարից սկսած Էջմիածինն Արտաշատի ու Դվինի, հետագայում նաև Անիի միջոցով մասնակցում է տարանցիկ առևտրին, ուներ հոծ ու բազմալեզու բնակչություն (հայեր, պարսիկներ, հույներ, ասորիներ):
Ըստ Փավստոս Բյուզանդի՝ IV դ. վերջին քառորդում Հայաստան կատարած արշավանքների ժամանակ պարսից արքա Շապուհ II-ը Էջմիածնից գերևարում է 19 հզ. տուն մարդ: Այդ փաստը, թեև հավանական ուռճացմամբ, վկայում է, որ Էջմիածինը եղել է բազմամարդ: Էջմիածինն ունեցել է զարգացած արհեստագործություն, դարբնություն, խեցեգործություն:Զբաղեցրել է ընդարձակ տարածություն (արևելյան Զվարթնոցից մինչև Քասաղի աջ ափը), որն արդյունք էր ոչ միայն բնակչության բազմաշատության, այլև ավատական բնատնտեսության. Հայաստանի այլ քաղաքների նման Էջմիածնի բնակիչների զգալի մասը զբաղվել է երկրագործությամբ ու գյուղատնտեսական այլ աշխատանքներով:Չնայած այս վերելքն առժամանակ կասեցվում է VII դ. կեսից սկսված արաբական արշավանքներով ու ավերումներով, սակայն VIII դ. սկսած Էջմիածնում նորից տնտեսական աշխուժացում է սկսվում և շարունակվում Հայոց Բագրատունյաց թագավորության ամբողջ ընթացքում:
Հայոց արքա Գագիկ Բ-ի (1042-1045թթ.) այցելության միջոցին Էջմիածինը տակավին շեն էր ու բարգավաճ: Այնուհետև մնում է անհիշատակ և օտար նվաճողներից (սելջուկներ, մոնղոլներ, թաթարներ) այնքան ավերված ու ամայի, որ Ստեփանոս Օրբելյանը հատուկ "Ողբ" է գրում:Անշուք վիճակը շարունակվում է մինչև XV դ. կեսը, երբ Հովհաննես Հերմոնացու և Թոմաս Մեծոփեցու ջանքերով 1441թ.-ին գումարված Էջմիածնի ազգային ժողովը Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը վերահաստատում է Էջմիածնում: Էջմիածինը դառնում է համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնը և Հայոց Կաթողիկոսի աթոռանիստը, որպիսին մնում է առ այսօր:Պատմա-քաղաքական այս խոշոր իրադարձությունը, ինչպես և երկրի վարչական կենտրոն Երևանին մոտ լինելու հանգամանքը խթան են դառնում Էջմիածնի հետագա զարգացման համար:Հաստատվելով Էջմիածնում` Հայոց կաթողիկոսները հնարավորություն են ստանում անձամբ հետևելու քաղաքի ներքին կյանքին, միաբանության հետ զանազան միջոցառումներ ձեռնարկում տնտեսական ու մշակությաին կյանքը բարվոքելու համար:
Երբ Գրիգոր Ժ Ջալալբեկյանցը (1443-1463թթ.) գնում է Էջմիածինը և դարձնում վանքապատկան կալվածք (որպիսին մնաց մինչև 1920թ.), կաթողիկոսարանն ու միաբանությունը սկսում են խրախուսել ու հովանավորել գյուղատնտեսության զարգացումը:Էջմիածնի բնակիչների նախկին զբաղմունքների (պտղագործություն, այգեգործություն, հացահատիկների մշակում) վրա ավելանում են նորերը` գինեգործությունը, բամբակագործությունը, գյուղատնտեսությանն օժանդակող արհեստագործությունը, ավելի ուշ` շերամապահությունը:Տնտեսական այս աշխուժացումը որոշ ժամանակով կասեցվում է XVII դ. սկզբին պարսից Շահ Աբաս I-ի արշավանքով: Տասնյակ հազարավոր հայերի բռնագաղթից հետո՝ 1614թ. նա Էջմիածնի տաճարից տեղահան է անում և Սպահան փոխադրում 15 որմեր, աշտանակներ, Գրիգոր Լուսավորչի աջը և այլ մասունքներ՝ ցանկանալով այնտեղ մի նոր "Էջմիածին" կառուցել, որով կկարողանար նոր երկրի հետ կապել գաղթված հայերին:
Մովսես Գ Տաթևացու (1620-1655թթ.) օրոք նորոգվում են այդ ավերումները և կատարվում նոր կառուցումներ` փուռ, ամբար, սեղանատուն, տնտեսատուն, պարսպապատվում վանքը:Լայն շինարարություն է ծավալում Փիլիպոս Ա Աղբակեցին (1632-1655թթ.): Շինարարությունը գլխավորում է Ուստա Գրիգորը, որը 1639թ. արձանագրություն է թողել Տրդատա դռան վրա: Վաղուց չէր գործում Էջմիածնի դպրոցը, միայն XVII դ. առաջին քառորդում էր փորձ արվել այն վերաբացելու, երբ "արտաքին" գիտությունների նշանավոր վարդապետ Մելիքսեդեկ Վժանցին հրավիրվել էր Էջմիածին և ուսուցանել մի քանի աշակերտ:
Այդ բացը վերացնելու համար 1635-1637թթ. Հովհանավանքի դպրատունը փոխադրվում է Էջմիածին: Առժամանակ ծաղկում է դպրոցը (1640թ. հայտնի է "Վարդապետարան" անունով), երբ այնտեղ դասավանդում են գիտնական-ուսուցչապետեր Ոսկան Երևանցին, Սիմեոն Ջուղայեցին և Ստեփանոս Լեհացին:
1645թ. Փիլիպոս Աղբակեցին ձեռնարկում է տաճարի զանգակատան շինարարությունը, որն ավարտվում է 1658թ. Հակոբ Դ. Ջուղայեցու (1655-1680թթ.) օրոք: 1694թ. իշխան Աղամալ Շոռոթեցու միջոցներով, կառուցվում է Շողակաթ եկեղեցին, իսկ Աստվածատուր Ա Համադանցու (1715-1725թթ.) օրոք Նաղաշ Հովնաթանը կատարում է Մայր տաճարի որմնանկարները:
Պատկերազարդումներն ավարտում են նրա որդիները` Հակոբ և Հարություն Հովնաթանյանները Աբրահամ Գ Կրետացու (1734-1737թթ.) օրոք: Վերջինս հմուտ դիվանագիտությամբ կարողանում է ոչ միայն Էջմիածինը զերծ պահել թուրք-պարսկական պատերազմի` Հայաստանում կատարող ավերումներից, այլև Նադիր շահի` Էջմիածին այցելության ժամանակ(1737-1751թթ.) կառուցվում են Ղազարապատի հյուրանոցը (30-ից ավելի սենյակներով), պարտեզ, ջրավազան, բաղնիք, ախոռներ, գոմեր:
Սիմեոն Ա Երևանցու (1763-1780թթ.) օրոք՝ 1768թ., հիմնովին վերակառուցվում է վանքի պարիսպը: Ուղղանկյուն պարիսպները չորս կողմերում ունեին կամարակապ չորս մեծ դռներ և ևս վեց դռներ` տարբեր կողմերում: Բուրգերը տեղադրված էին պարսիպների չորս անկյունագլուխներում և տեղ-տեղ` բոլոր կողմերում, որոնց շնորհիվ պարսպապատ վանքը ստացել էր ամրոցի նմանություն: Պարիսպների մերձակա տները քանդվում են և ավելի հեռվում կառուցվում է մի այլ եկեղեցի: Նախկին իջևանատան (քարավանսարա) շենքը կանոնավոր շուկայի է վերածվում:
1763թ. հիմնվում է երկու վարժարան (ամռան և ձմռան), որոնց ուսուցիչ-տեսուչ է նշանակվում Պետրոս Բերթումյանց (Աղամալյան) եպիսկոպոսը: Այդ վարժարանները, որոնք փաստորեն միայն բաժանմունքներ էին, այսուհետև հայտնի են "Էջմիածնի ժառանգավորաց դպրոց" անունով:1771թ. Սիմեոն Երևանցին հիմնադրում է նաև Հայաստանում առաջին տպարանը (որտեղ 1772թ. լույս է տեսել Հայաստանում առաջին գիրքը` իր իսկ "Գիրք Աղօթից որ կոչի Զբօսարան հոգեւոր"-ը), 1776թ.` առաջին թղթի գործարանը (թղթատուն):
Էջմիածին է հրավիրվում Հովնաթան Հովնաթանյանը, որը 1769թ. սկսում է Մայր տաճարի նոր պատկերազարդումը և ավարտում Ղուկաս Կարնեցու (1780-1799թթ.) օրոք: Վերջինս ավարտում է տաճարի հիմնական վերակառուցումը: Հետագա աշխատանքները մասնակի բնույթ էին կրում և չէին աղճատում տաճարի նախնական ձևն ու տեսքը:XVII-XVIII դդ. աշխուժանում է տնտեսական ու առևտրական կյանքը: Էջմիածնով է անցնում Թավրիզ-Երևան-Կարին քարավանային ճանապարհը: Էջմիածնեցի վաճառականները արտահանում են բամբակ, գինի և այլն:
XIX դ. սկզբին Էջմիածինը գտնվում էր ռուս-պարսկական պատերազմի (1804-1813թթ.) առաջավոր գծում: Երբ 1804թ. պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան բանակ է դնում Էջմիածնի մոտ և Երևանը պաշարած ռուսական զորքերի մեջ հիվանդություն է տարածվում, Գեներալ Ցիցիանովը թողնում է պաշարումը, մեկնում Էջմիածին և, հիվանդներին, վանքի միաբանների մի մասին ու որոշ արժեքավոր իրեր ու եկեղեցական սպասներ վերցնելով, տեղափոխվում Թիֆլիս (դրանց մի մասը վերադարձվում է պատերազմից հետո) :
1806թ. սեպտեմբերին ռուսական զորքերը կրկին գրավում են Էջմիածինը, սակայն 1813թ. Գյուլիստանի պայմանագրով ստիպված նորից զիջում պարսիկներին:1828թ. Էջմիածինը Արևելյան Հայաստանի կազմում վերջնականապես միացվում է Ռուսաստանին: Այդ իրադարձությունը կարևոր նշանակություն է ունենում Էջմիածնի հետագա զարգացման համար:Ազատվելով օտարերկրյա նվաճողների դարավոր բռնություններից` Էջմիածնի բնակիչները հնարավորություն են ստանում բարելավելու տնտեսական ու հոգևոր-մշակութային կյանքը:Էջմիածնում նոր վերելք է սկսվում, որը շարունակվում է ամբողջ XIX դ.: Էջմիածինը աստիճանաբար ներգրավվում է ռուսական կառավարման ու մշակութային –տնտեսական կյանքի ոլորտում, սակայն մնում վանքապատկան և ռուսական կառավարությունը, նախկին իշխանությունների նման, նույնպես ճանաչում են միաբանության իրավունքներն Էջմիածնի վրա:
Չնայած XIX դ. կեսից Էջմիածինը դառնում է Երևանի նահանգի Էջմիածնի շրջանի կենտրոնը, այնուամենայնիվ, բուն քաղաքը կառավարում էին կաթողիկոսարանն ու միաբանությունը` սինոդի հետ մեկտեղ:XIX դ. առաջին կեսին Էջմիածնում նշանակալից աշխատանքներ են կատարվում հատկապես Եփրեմ Ա Ձորագեղցի (1809-1830.թ), Հովհաննես Ը Կարբեցի (1831-1842թթ.) և Ներսես Ե Աշտարակեցի (1843-1857թթ.) կաթողիկոսների օրոք:
1833թ. կանգնեցվում է հուշարձան` նվիրված 1827թ. Օշականի ճակամարտում ընկած ռուս զինվորի հիշատակին, 1837թ. սկսում է գործել դեռևս 1808թ. կազմավորված սինոդը, 1847-ին սկսվում է Ներսիսյան ձկնաբույծ լճակի շինարարությունը, հոգ տարվում քաղաքը խմելու ջրով ապահովելու մասին, վերակառուցվում շուկան, Էջմիածնում և շրջակայքում տնկվում են բյուրավոր ծառեր` թթենիներ, կաղամախիներ, ուռենիներ և այլն:
1847թ. Ներսես Աշտարակեցին ընդլայնում է իր իսկ հիմնած վարժարանը: Առանձնապես հատկանշական է Գևորգ Դ. Կոստանդնոպոլսեցու (1866-1882թթ.) վարժարանը:1868թ. մայիսին լույս է տեսնում առաջին պարբերականի «Արարատ» ամսագրի առաջին համարը: 1869թ. մայիսի 25-ին հիմնադրվում է Հայաստանում առաջին և միակ բարձրագույն հոգևոր հաստատությունը` Գևորգյան ճեմարանը: Ճեմարանին կից կառուցվում են ննջարաններ, հիվանդանոց և օժանդակ այլ շինություններ:
Նույն` 1869թ. հիմնադրվում է Էջմիածնի թանգարանը, կարգավորվում տպարանը, ընդլայնվում գրատուն-մատենադարանը, 1879թ. բացվում նրա ընթերցարանը: 1889թ. կառուցվում է տպարանի նոր շենքը, նորոգումներ ու մասնակի փոփոխություններ կատարվում վանքում ու շրջակայքում, իսկ Մկրտիչ Ա Վանեցու օրոք վանքում անցկացվում է էլեկտրական լուսավորություն:XIX դ. վերջերից Էջմիածինը դառնում է հայ մշակույթի կարևոր կենտրոններից: Էջմիածին են հրավիրվում մշակույթի ու գիտության մի շարք գործիչներ` դասավանդելու Գևորգյան ճեմարանում կամ աշխատելու Մատենադարանում ու «Արարատ»-ի խմբագրությունում:Էջմիածնում ապրում ու գործում էին` Կոմիտասը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Աճառյանը, Մ. Աբեղյանը, Ե. Թադևոսյանը, Գ. Տեր-Մկրտչյանը, Գ. Հովսեփյանը և ուրիշներ:Մշակութային կյանքի վերելքին զուգընթաց աճում է բնակչությունը (1909թ. Էջմիածինն ուներ 3422բն.):
Աշխուժանում է քաղաքական կյանքը:Սակայն Էջմիածնի զարգացումը խաթարվում է հայ-թուրքական կռիվներով: Էջմիածինը վերածվում է պատերազմի արհավիրքներից տուժած հայ գաղթականության հավաքատեղիի:Դարեր շարունակ Էջմիածինը եղել է պետականությունից զրկված, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի ազգային-քաղաքական կենտրոնը: Էջմիածինը բազմիցս եղել է ազատագրական շարժման կենտրոն, իրեն է ձգտել ազատագրական շարժման բազմաթիվ գործիչներների (Էմին Հովսեփ, Մովսես Բաղրամյան, Եգոր Խուբով), իսկ 1918թ.՝ Թուրքիայի հարձակման ժամանակ, Էջմիածնի բազմաթիվ աշխարհազորայիններ, մտավորականներ ու հոգևորականներ մասնակցում էին ճակատամարտին:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց (1920թ.) հետո Էջմիածնի զարգացումը ընթանում է ծրագրված ու կազմակերպված: Այն ընդգրկում է տնտեսության ու մշակութային բոլոր ոլորտները:
Խորհրդային իշխանության առաջին օրերից Էջմիածինը դադարում է վանքապատկան լինելուց և դառնում Վաղարշապատի գավառի կենտրոնը: Էջմիածինը սկսում է ապրել նոր կյանքով:Միջոցներ են ձեռնարկվում բարելավելու Էջմիածնում հավաքված բազմահազար գաղթականների վիճակը: Նրանց մի մասը մշտապես հաստատվում է Էջմիածնում:
Շինարարական-տնտեսական և կրթական-մշակութային աշխույժ եռուզեռ է սկսվում: Կառուցվում են տներ, արհեստանոցներ, բացվում դպրոցներ, ակումբներ, Մատենադարանը վերածվում է Նյութական մշակույթի ինստիտուտի (1921թ.) և դրվում գիտական հասարակայնության տրամադրության տակ:1944թ. հրատարակվում է Հայրապետական Աթոռի «Էջմիածին» ամսագիրը, 1945թ. բացվում է Էջմիածնի հոգևոր ճեմարանը: 1950-1960թթ. ճարտարապետական նոր կառույցներին զուգընթաց ուշադրություն է դարձվում նաև հների բարեկարգմանը. նորոգվում են Հռիփսիմեի տաճարը, Գայանե եկեղեցին, բարեկարգվում Զվարթնոցի շրջակայքը: Կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի նախաձեռնությամբ մեծ շինարարարություն է ծավալվում Էջմիածնի վանքում: Կառուցվում է նոր վեհարան, կանգնեցվում Մեծ Եղեռնի զոհերի հուշարձան, վերականգնվում Մայր տաճարի որմնանկարները:
Դարավոր կառուցումներից ու վերակառուցումներից հետո 1960-ական թթ. վերջին վերջնականապես ամբողջականացավ Էջմիածնի վանքի համալիրը, որն այժմ ոչ միայն Էջմիածնի տաճարի գլխավոր անսամբլներից է, այլև հայ ճարտարապետության գոհարներից:
Հայաստանում քրիստոնեության գլխավոր կենտրոնը լինելու շնորհիվ՝ Էջմիածինը դարեր շարունակ երկրի համար ունեցել է հոգևոր-մշակութային մեծ նշանակություն: Այստեղ են հիմնվում առաջին դպրոցը, մատենադարանը և ճեմարանը: Հենց այստեղ են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմնում հայալեզու առաջին դպրոցը: Էջմիածնում է հիմնադրվում Հայաստանում առաջին տպարանը (1771թ.), թղթի գործարանը (1776թ.), պարբերականը (1868թ.), թանգարանը (1869թ.): Էջմիածնում են գտնվում հայ ճարտարապետության գլուխգործոցներ Սուրբ Հռիփսիմե վանքը (618թ.), Սուրբ Գայանե վանքը (630թ.), Սուրբ Շողակաթ եկեղեցին (1694թ.), Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին (1767թ.), Զվարթնոց տաճարը (641-661թթ.):
Այսօրվա Էջմիածնի հատակագծման աշխատանքները սկսվել են Ալեքսանդր Թամանյանի գլխավորությամբ, 1925թ.-ին:
1939-1943թթ. կազմվել է քաղաքի գլխավոր հատակագիծը, ուր հաշվի են առնվել դարերով կազմավորված տեղանքի առանձնահատկությունները, պատմաճարտարապետական հուշարձանների առկայությունը և բնական պայմանները: Ճարտարապետական հիմնական անսամբլները կողմնորոշվել են դեպի Արարատ, մասամբ դեպի Արագած լեռը, հաշվի են առնվել նաև քաղաքի հետագա զարգացման և տուրիզմի հարաճուն ծավալման պահանջները:
Քաղաքի կենտրոնի կառուցապատումը ձևավորվել է Կոմիտասի անվան հրապարակով` քաղաքապետարանի վարչական շենքի և վանքի համալիրի անսամբլային մասնակցությամբ:
Ներկայիս Էջմիածինը հանրապետության գեղեցիկ և ինքնատիպ ճարտարապետական կերպար ունեցող քաղաքներից մեկն է: Այն` շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, դարձել է հանրապետության այցելուների և տուրիզմի ամենահետաքրքիր վայրերից մեկը: Քաղաքն այժմ զբաղեցնում է 4424 հա հողատարածք և ունի գրեթե 60 հազար բնակչություն:
Քաղաքի առողջապահական համակարգում ընդգրկված են հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ատամնաբուժարաններ, ծննդատուն, շտապօգնության և հիգիենիկ հակահամաճարակային պետական ձեռնարկություններ:
Քաղաքը նախկինում համարվել է խոշոր արդյունաբերական կենտրոն`իր տարածքում ունենալով ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով հագեցված այնպիսի հզոր գործարաններ, ինչպիսիք են «Ռաստր», «Ռեզիստր», «Էլեկտրոն» և «Սարքաշինական» գործարանները, որոնք գործել են միութենական ռազմաարդյունաբերության համալիրի կազմում և թողարկել գերճշգրիտ սարքեր:
Ներկայում այդ գործարաններն աշխատում են ոչ լրիվ հզորությամբ, սակայն պահպանել են իրենց ներուժը և ունեն վերագործարկման լուրջ հեռանկարներ: «Պլասմասա», «Գրանիտ», «Հայքար», «Շինարարական նյութերի և իրերի կոմբինատ» և «Կարին» գործարաններն իրականացնում են լայն սպառման ապրանքների և կենցաղային իրերի արտադրություն:
Քաղաքն ունի գյուղմթերքների արտադրության զարգացման մեծ հնարավորություն: Շուրջ 2000 հա հողատարածք օգտագործվում է այդ նպատակով: Զարգացած է խաղողագործությունը, պտուղ-բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությունը:Քաղաքում գործում են գինու և կոնյակի գործարաններ:
Հզոր հնարավորություններ ունեն նաև պահածոների երկու խոշոր գործարանները, որոնք իրականացնում են գյուղմթերքների վերամշակում: Քաղաքի շրջակայքում արհեստական բազմաթիվ լճերի առկայությունը, բնակլիմայական նպաստավոր պայմանները զարգացման հնարավորություններ են ստեղծում ձկնաբուծական` հատկապես իշխան տեսակի ձկան աճեցման համար, որը մեծ պահանջարկ ունի ԱՊՀ և եվրոպայական շուկայում: Կան նաև հացաբուլկեղենի արտադրության ձեռնարկություններ: Քաղաքում գործում է տրանսպորտային խոշոր ձեռնարկություն:Գործում են 13 դպրոց, 8 մանկապարտեզներ, 2 մարզադպրոց, որտեղ գործում են ֆուտբոլի, ծանրամարտի, ըմբշամարտի, շախմատի, գիմնաստիկայի, բասկետբոլի և վոլեյբոլի խմբեր, որոնք ՀՀ տարբեր առաջնություններին մասնակցում են իրենց հավաքական կազմերով:Քաղաքն ունի 2 երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց, 5 թանգարան, 1 մշակույթի տուն, 7 գրադարան, պետական քոլեջ և «Գրիգոր Լուսավորիչ» համալսարան: Էջմիածնի Մայր աթոռին կից գործում է Գևորգյան ճեմարանը:
Հանրապետությունում առաջին գիտահետազոտական հիմնարկներից մեկը` Հայաստանի կուլտուր-պատմական ինստիտուտը բացվել է Էջմիածնում, որը հետագայում վերակազմվեց և տեղափոխվեց Երևան:
Էջմիածինն իր երկար ու ձիգ պատմության ընթացքում տվել է հայ մշակույթի շատ երախտավորներ, քաղաքական – հասարակական ականավոր գործիչներ` Կոմիտաս, Հովհ. Հովհաննիսյան, Հր. Աճառյան, Մ.Աբեղյան, Ե. Թադևոսյան, Մ. Եկմալյան, Ս. Մելիքյան, Ռ. Մելիքյան, Վ. Կոստանյան և ուրիշներ:
Քաղաքի առօրյան լի է բազմաթիվ մշակութային միջոցառումներով:
Քաղաքում գործում են հասարակական տարբեր կազմակերպություններ` «Երկրապահ կամավորականների միություն», «Մեր տուն» ՀԿ, «Ռոսիա» ՀԿ, «Հայ միասնության խաչ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը:
Էջմիածին քաղաքի իշխանությունն անում է հնարավորը հայ և օտարազգի զբոսաշրջիկներին ու հյուրերին հինավուրց քաղաքը բարետես ներկայացնելու համար: Վերանորոգվում ու լուսավորվում են փողոցները, ավելացվում են կանաչ տարածքները, բարեկարգվում են բակերն ու զբոսայգիները, քաղաքի հին ճարատարապետական կողթողների կողքին ավելանում են նորերը` Մակար Եկմալյանի կիսանդրին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշակոթողը քաղաքապետարանի հարակից այգում, Չարենցի արձանը մեծ բանաստեղծի անունը կրող թաղամասում և այլն:
Էջմիածինն ակտիվ համագործակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների և քաղաքների հետ: Քաղաքը բարեկամական կապեր ունի Իսի Լե Մուլինո, Շաղվիո Շավանիո (Ֆրանսիա), Ֆրեզնո (ԱՄՆ), Պետրոզավոդսկ, Սերգիև-Պոսադ(ՌԴ), Վելիկո-Տրնովո (Բուլղարիա), Բելգորոդ-Դնեստրովսի (Ուկրաինա), Մցխեթա (Վրաստան), Դաուգավպիլս (Լատվիա), Ալմելո (Նիդերլանդների Թագավորություն), Արզամաս (Ռուսաստանի Դաշնություն), Չերկասի (Ուկրաինա), Մարտակերտ և Հադրութ (ԱՀ) քաղաքների հետ:
Էջմիածինը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ է:
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունված ՀՀ օրենքի համաձայն Էջմիածին քաղաքը և Ոսկեհատ գյուղը միավորվել են և դարձել Վաղարշապատ համայնք։
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 800-850 մետր բարձրության վրա: Քաղաքն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Քաղաքից դեպի Երևան մայրուղին 22 կմ է: Մարզկենտրոնից գտնվում է 25կմ հեռավորության վրա: Զվարթնոց օդանավակայանից՝ 7կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքը կազմում է 4328.83 հա, որից քաղաքի տարածքը` 846.62հա: Քաղաքի տեղանքը հարթ է, թույլ թեքված դեպի հարավ-արևմուտք:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
301.2
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-4,80
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին(0C)
+27,50
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1)
1.2)
1.3)
2. Նախկին(ՀԽՍՀ) վարչականշրջանիանվանումը
Էջմիածնի շրջան
3. Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
22
3.2) մարզկենտրոնից (կմ)
25
3.3) պետականսահմանիցուղիղ գծով (կմ)
30
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
-
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
կից
3.6) երկաթուղային կայարանից (առկայության դեպքում) (կմ)
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
850
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
4424820
4424.82
6․Սահմանակից համայնքների անվանումները
Ոսկեհատ, Արտիմեդ, Նորակերտ,
Ծաղկունք, Շահումյան,
Մրգաստան,
Պտղունք,
Գրիբոյեդով
7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
info@ejmiatsin.am
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
www.ejmiatsin.am
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
+37423140028
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
+37423153663
11․Համայնքի հեռախոսային կոդը
+374 (231)
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
1101
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը(այո, ոչ)
Facebook
Location on Google Maps
YouTube