Հարգելի՛պարոն Սարգսյան,
2024 թվականի հոկտեմբերի 16-ին Վաղարշապատի համայնքապետարան է մուտքագվել Արմավիրի մարզի դատախազության 10.10.2024թ.-ի թիվ 60/առաջ.հա 6-24 առաջարկությունը` ք.Էջմիածին, Նալբանդյան փողոց 1/46 հասցեի 1175քմ և 1/48 հասցեի 587քմ մակերեսով հողամասերի օտարման և թիվ 60/առաջ.հա 7-24 առաջարկությունը` էջմիածին քաղաքի նախկին հյուրանոցին հարակից 587քմ մակերեսով հողամասի օտարման հիմքով պետության շահերի խախտման փաստով իրավասու դատական ատյանում հայց հարուցելու, իսկ այն չհարուցելու պարագայում դատախազությանը տեղեկացնելու մասին:
Վերը նշված առաջարկությունները 18.10.2024 թվականին ներկայացվել են Վաղարշապատ համայնքի ավագանու ուսումնասիրությանը: Ավագանու 15.11.2024 թվականի նիստի ժամանակ ավագանին որոշել է հանդես գալ ուղերձով` ուղղված ՀՀ դատախազության Արմավիրի մարզի դատախազությանը:
Այսպես.
Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի 1/46 հասցեի 1175քմ և 1/48 հասցեի 587քմ մակերեսով և էջմիածին քաղաքի նախկին հյուրանոցին հարակից 587քմ մակերեսով հողամասերն օտարվել են համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների հիման վրա, ըստ այդմ, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ և 20-րդ մասերը, համաձայն որոնց` համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով, նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, համաձայն որի` դատական կարգով կարող է վիճարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և համայնքի ավագանու որոշումներին հակասող` համայնքի ղեկավարի որոշումները, կարող ենք ընդգծել, որ տվյալ պարագայում, հարցը պետք է ներկայացվի ինչպես համայնքի ավագանու, այնպես էլ համայնքի ղեկավարի որոշումների դեմ:
Տվյալ դեպքում առաջարկվող հայցապահանջներով իրավասու դատարան դիմելու հարցի գնահատման տեսանկյունից ելակետային և որոշիչ են դառնում այն օբյեկտիվ պայմանները, որոնք, սուբյեկտային առանձնահատկությունից ելնելով, կնվազեցնեն պատասխանող կողմի հնարավոր փաստարկների ողջամտությունը` հայցի հարուցման իրական շարժառիթները և հիմքերը բացահայտելու, ինչպես նաև դրանց նախապայմանների ի հայտ գալու տեսանկյունից, ի թիվ այլնի, նկատի առնելով քննարկվող դեպքում պետության գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու և պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում ՀՀ դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությունների հանգամանքը:
Հետևաբար, առաջարկվող հայցապահանջներով դատախազության կողմից հայցի հարուցումն, առնվազն շահերի պաշտպանության մարտավարության տեսանկյունից, մեր կողմից գնահատվում է ավելի նպատակահարմար` ելնելով գործով հնարավոր դրական ելք ապահովելու նկատառումներից:
Հիմք ընդունելով վերոգրյալը` ավագանին, հայց չներկայացնելու պայմաններում, սույն ուղերձով դիմում է ՀՀ դատախազության Արմավիրի մարզի դատախազությանը` 10.10.2024թ.-ի թիվ 60/առաջ.հա 6-24 և թիվ 60/առաջ.հա 7-24 առաջարկություններով խնդրարկված գործերով հայցով իրավասու դատարան դիմելու համար:
Հարգանքներով `
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ