Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 18-ի «Վաղարշապատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 24 որոշմամբ ընդունված կարգով,նպատակ ունենալով մեղմացնել սոցիալական լարվածությունը, խթանելու համայնքում արտադպրոցական կրթության կարևորությունը մշակութային և արվեստի ոլորտում և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության երաժշտական և գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ներում սահմանված տեղական վճարի գծով սահմանել հետևյալ արտոնությունները.
1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով, իսկ ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 50%-ի չափով:
2) Երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով, իսկ միակողմանի ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև բազմազավակ ընտանիքի 4-րդ և հաջորդ երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի 50%-ի չափով:
3) Ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների, նույն ընտանիքից միևնույն ժամանակ դպրոց ՀՈԱԿ-ներ այցելող 3-րդ և 4-րդ երեխաների համար սահմանված տեղական վճարի 50%-ի չափով, իսկ նույն ընտանիքից միևնույն ժամանակ դպրոց ՀՈԱԿ-ներ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաների համար 100%-ի չափով:
4) Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի 50%-ի չափով:
2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի
պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողի մահվան վկայականի պատճենը և տեղեկանք ՀՀ պաշտպանության նախարարությունից:
2) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի
պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ ծնողի մահվան վկայականների պատճենները, ընտանիքի մյուս երեխաների ծննդյան վկայականների պատճենները:
3) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխաների ծննդյան վկայականների պատճենները, տեղեկանք համապատասխան հաստատությունից, տեղեկանք ընտանեկան նպաստ ստանալու համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ:
4) Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի՝ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնից տրված գնահատման թերթիկի և արձանագրության պատճենները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: